
Լոռու մարզի Մղարթ բնակավայրում մարդիկ ջուրը բնական աղբյուրներից են տուն հասցնում՝ ձեռքով, մեքենայով, ինքնաշեն ջրատարով։ Ջրատաքացուցիչները, ավտոմատ լվացքի մեքենաներն ու առօրյայի անբաժան մաս դարձած կենցաղային տեխնիկան մղարթեցիների համար երազանք է։ Խնդիրն առավել սրվում է ձմռանը․ նախ բնական աղբյուրների ջուրն է պակասում, հետո էլ՝ գյուղի անբարեկարգ, ցեխոտ ու սառած ճանապարհներով ծանր դույլերով ջուր տանելը ավելի է դժվարանում։ «Աշխատող, խելոք, լավ տղաներ ունենք, բայց աղջիկները հարս չեն գալիս մեր գյուղ», - բողոքում են մղարթեցիները։ Ասում են՝ այդ է պատճառը, որ Մղարթում նոր ընտանիքներ չեն կազմվում, ու՞մ է հաճելի ձեռքով ջուր կրելու հեռանկարը»։
Մղարթում ջրի հարցը տասնամյակների պատմություն ունի։ Այդ մասին իշխանությունները հիշում են նախընտրական քարոզարշավների ժամանակ, հետո՝ արագ մոռանում։ Խմելու ջրի հարցը գյուղացիները բարձրացրել են նաև կառավարության ներկայացուցիչների մոտ, պատասխանը այսպիսին է եղել․ «Գիտենք, ընդգրկված եք խմելու ջուր չունեցող համայնքների ցանկում, առաջ ենք գնում ըստ ցուցակի, թե երբ հերթը ձեզ կհասնի՝ չգիտենք, եթե կարող եք հովանավորներ գտնել կամ համայնքի ուժերով լուծել խնդիրը՝ խնդրեմ, բայց ներկա պահին ձեզ ոչնչով օգնել չենք կարող»։
Ջրային տնտեսության պետական կոմիտեի գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչությունը ևս առաջարկում է խնդիրը լուծել համայնքի ուժերով, հետո ավագանու որոշմամբ այն հանձնել կոմիտեին, որն էլ իր հերթին այն կհանձնի «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ սպասարկում իրականացնելու համար։ Մղարթը խորհրդային տարիներին օգտվել է կենտրոնացված ջրամատակարարումից։ Խորհրդային իշխանության փլուզումից հետո ցանցը թալանվել է։ Դրա համար էլ այժմ ջրամատակարար կազմակերպությունը՝ «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ը չի ցանկանում սպասարկում իրականացնել։
2006 թ․ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթում ոսկու հանքավայրի շահագործումը մղարթեցիներ մոտ հույս արթնացրեց, որ կազմակերպությունը կլուծի այդ հարցը, մանավանդ որ հանրային լսումների ժամանակ կազմակերպության ներկայացուցիչները նման խոստումներ հնչեցրել էին։ Բայց արդյունք չեղավ։ Շահագործման ընթացքում (մինչև 2020թ․) ընկերությունը ընդգրկված չէր «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանվող ընկերությունների ցանկում, այդ պատճառով Մղարթը ոչ մի անգամ չօգտվեց այդ վճարներից։
Վերջին տարիներին տեղումների սակավության պատճառով Մղարթի ջրի բնական պաշարներն աստիճանաբար նվազել են։ Ըստ մղարթեցիների, դրան գումարվել է նաև հանքի շահագործման նպատակով իրականացված պայթեցումները։ Ըստ բնակիչների և փորձագետների՝ պայթյունների հետևանքով առաջացած ցնցումները խարխլել են ոչ միայն հանքին մոտ գտնվող տների պատերը, այլև՝ հողի շերտերը, և ստորջրյա ջրերը փոխել են իրենց հոսքի ուղղությունը, և այլևս իրենց նախկին ավազաններ չեն հոսում։ Կազմակերպության կողմից փորձվեց բարելավել բնական աղբյուրներից մեկի ակունքը, բայց ոչինչ չփոխվեց։
Այս տարի համայնքի միջոցներով փոխվել է Ծաղկավանքի բնական աղբյուրի ջրատարի խցանված խողովակը։
«Ներկա պահին այդ աղբյուրի ջուրը բավականին վարարել է, բայց շուտով ֆերմերները ամառանոցներից կիջնեն գյուղ, ու նորից բնական աղբյուրների ջուրը չի բավականեցնի ո՛չ մարդկանց, ո՛չ էլ անասուններին»,-նշում է բնակավայրի վարչական պատասխանատուն։
2019 թ․ սեպտեմբերին կառավարության որոշմամբ Տարածքային զարգացման հիմնադրամին հարձնարարվել է անցկացնել նախագծողների մրցույթ՝ Օձուն խոշորացված համայնքի Մղարթ և Արդվի բնակավայրերի խմելու ջրի մատակարարման համակարգի ներքին և արտաքին ցանցի կառուցման և օրվա կարգավորիչ ջրամբարի նորոգման համար։ 2021թ․ սեպտեմբերի 6-ի դրությամբ կազմվել է նախագիծ նախահաշիվը, որը կազմում է 396 մլն 443 հազ 300 ՀՀ դրամ։
«Գումարը բավականին մեծ է, թե ե՞րբ կհատկացվի այդքան գումար, որպեսզի մրցույթ հայտարարվի, դեռ հայտնի չէ»,-ասում է Օձուն խոշորացված համայնքի Մղարթ բնակավայրի վարչական պատասխանատուն։
Քաղաքացիական լրագրող՝ Նինա Մամաջանյան

